Վերև

Կիրակի, 18.10.2026

Կիրակի, 18.10.2026

Անդրադարձ հոկտեմբերի 18-ի Սուրբ Պատարագին

Ղուկասի Ավետարան, գլուխ 4

«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար էլ Նա օծեց Ինձ՝ աղքատներին ավետարանելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն տալու համար…» (Ղուկաս 4:18)։

Այս կիրակի մեր քարոզի կենտրոնում Քրիստոսի առաքելությունն էր՝ հույս բերել աղքատներին, ազատություն՝ գերիներին, տեսողություն՝ կույրերին և բժշկություն՝ կոտրված սրտերին։

Քրիստոս եկել է ոչ միայն մարդկանց արտաքին կյանքը փոխելու, այլև ազատագրելու մեր ներքին մարդուն՝ վախից, մեղքի կապանքներից, հուսահատությունից և հոգևոր կուրությունից։ Երբեմն մարդը կարող է արտաքինից ազատ լինել, բայց ներքուստ՝ գերի իր վախերին, վիրավորանքներին, անցյալի ցավերին կամ սեփական եսասիրությանը։

Քրիստոսի ավետիսն ընդունել նշանակում է թույլ տալ, որ Նրա խոսքը փոխի մեր սիրտը, սովորեցնել մեզ տեսնել Աստծո ներկայությունը մեր կյանքում և դառնալ հույսի ու սիրո աղբյուր մեր շրջապատի մարդկանց համար։

Այսօր մեզ ուղղված հարցն է՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք ընդունելու Քրիստոսի ազատագրող և բժշկող ներկայությունը։ Եվ արդյո՞ք մեր կյանքով մենք այդ ազատությունն ու հույսը փոխանցում ենք ուրիշներին։

Անտվերպենում կայացած Սուրբ Պատարագին ներկա էին 173 հավատացյալներ, որոնցից 84-ը երիտասարդական միության անդամներ էին՝ 36 տղաներ և 48 աղջիկներ։

Խաչվառի նվիրատվություն Մեխելենի եկեղեցուն

Մեխելենում հավատավոր մի ընտանիքի կողմից մեր եկեղեցուն նվիրաբերվեց գեղեցիկ խաչվառ։

Մեր խորին շնորհակալությունն ու հայրական օրհնությունն ենք հայտնում այս աստվածասեր ընտանիքին՝ եկեղեցու հանդեպ իրենց սիրո, նվիրումի և առատաձեռնության համար։

Թող Սուրբ Խաչի զորությունն ու Տիրոջ օրհնությունը միշտ ուղեկից լինեն այս ընտանիքին, պահպանեն նրանց խաղաղության և սիրո մեջ, իսկ նրանց բարի օրինակը ոգեշնչի նաև ուրիշներին՝ իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու մեր եկեղեցական համայնքի հոգևոր կյանքի զորացման գործում։