Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
Կրկնազատիկը, որը կոչվում է նաև Նոր կիրակի, նշվում է Սուրբ Հարությունից հետո առաջին կիրակի օրը։ Այն «նոր» է կոչվում, քանի որ Քրիստոսով սկսվեց նոր կյանքը, և «հինն անցավ, ամեն ինչ նոր եղավ»։ Ինչպես գարնանը բնությունը նորոգվում է, այնպես էլ Քրիստոսի Հարությամբ նորոգվեց մարդկությունը և Եկեղեցին։ Այս օրը խորհրդանշում է Եկեղեցու նորոգությունը․ եթե Հարության օրը նորոգվեց մարդկային բնությունը, ապա Նոր կիրակիին առաքյալներն ու Եկեղեցին հաստատվեցին հավատի մեջ։ Այդ պատճառով այն կոչվում է Նոր կիրակի՝ նոր հավատքի, նոր երկրպագության, նոր հույսի և նոր խոստումների օր։
Այն կոչվում է նաև Կրկնազատիկ երեք պատճառով․
· Կրկնակի ազատություն – Քրիստոս ազատեց մեզ մեղքից, իսկ վերջնական ազատությունը կլինի մարմնի փրկությամբ։
· Կրկնակի հարություն – այժմ՝ հոգևոր, իսկ ապագայում՝ մարմնավոր հարություն։
· Կրկնակի փրկություն – Տերը երկրորդ անգամ երևաց աշակերտներին՝ փրկելու Թովմասին թերահավատությունից և հաստատելու հավատը։ Թովմաս առաքյալի դավանությունը՝ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ», դարձավ հավատքի կենդանի վկայություն բոլոր սերունդների համար։

