Վերև

Մեր մասին

Հայ համայնքի սիրտը Անտվերպենում

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի

Անտվերպենի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին ոչ միայն աղոթքի վայր է կամ միյայն շինություն, այլ հոգևոր կենտրոն, Հայ համայնքի սիրտը Անտվերպենում, որի անբաժան մասը և իրավասու ժառանգորդը Հայ ժողովուրդն է։ Սա մի եկեղեցի է, որը չի կառուցվել անձերի առանձին նվիրատվությամբ կամ անձնական նախաձեռնությամբ, այլ համայնքի անդմաների միասնական կամքի, միության և նվիրատվությունների արդյունքում։

 

Մինչև 2023 թվականի նոյեմբերը Անտվերպենում արդեն իսկ կային ջանքեր՝ ուղղված հայկական քրիստոնեական կյանքի պահպանման և համայնքի համախմբմանն առ հավատք։ Տարբեր անհատներ և հայկական միություններ իրենց հնարավորությունների սահմաններում կենդանի էին պահում եկեղեցական և հոգևոր կյանքը։ Իսկ հոգեշնորհ Տեր Տիրայր վարդապետի ժամանումից հետո այդ ջանքերը ստացան նոր շունչ՝ վերածվելով ավելի կազմակերպված, ակտիվ և ընդգրկուն համայնքային կյանքի։ Եկեղեցու՝ որպես ընտանիքի գաղափար քարոզումը, որ սա Մեր Հոր տունն է, ոչ թե միայան արարողակարգային վայր, տվեց իր արդյունքը։ Երիտասարդների շրջանում ձևավորվեցին սարկավագների և սեղանի սպասավորների խմբեր, հիմնվեց երգչախումբ։ Եկեղեցին դարձավ քրիստոնյա հայ համայնքի տունը։ Եվ այդ տան նկատմամբ սեփականատիրոջ վերաբերմունքն արմատավորվեց։

 

2024 թվականից ի վեր եկեղեցին գործում է բնականոն հունով, ամեն կիրակի մի քանի հարյուր հավատացյալ մասնակցում է Սուրբ պատարագին։ Այստեղ ամեն աղոթք, ամեն պատարագ, ամեն քարոզ արմատավորված է համայնքի հոգում ու կյանքում։

Մեր եկեղեցին ձևավորվել է Անտվերպենում ապրող քրիստոնյա հայ համայնքի միասնությամբ։ Համայնքն է նրա հիմնողը, կազմավորողը և տերը։

Եկեղեցու անվան ընտրությունը ևս պատահական չէ․ Գրիգոր Նարեկացին՝ որպես խոնարհության, սիրո ու կենդանի աղոթքի խորհրդանիշ, մարմնավորում է մեր եկեղեցու շունչը։ Նրա անունով եկեղեցին հավատարիմ է մնում այն ճշմարտությանը, որ եկեղեցին ինքը ժողովուրդն է՝ իր հույսով, հավատքով ու ձայնով։

 

Այսօր էլ մենք շարունակում ենք կառուցել ու ամրացնել մեր հոգևոր տունը՝ հավատքի, համերաշխության և սիրո հիմքերի վրա, բոլորիդ առատաձեռն ու հավատքով լի մասնակցությամբ։