Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, և ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը
Այս կիրակի Սուրբ Պատարագի ընթացքում մեր հոգևոր խորհրդածությունը հիմնված էր Մարկոսի Ավետարանի 11․27–33 հատվածի վրա, որտեղ Քրիստոսին հարցնում են․
«Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, և ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը»։
Քարոզի ընթացքում անդրադարձանք Քրիստոսի աստվածային իշխանությանը, ինչպես նաև մեր կյանքի մեջ իշխանության իրական իմաստին։
Խորհեցինք, որ իրական իշխանությունը միայն ուրիշների վրա իշխելը չէ, այլ նախևառաջ՝ ինքներս մեզ վրա իշխանություն ունենալը՝ մեր վախերի, զայրույթի և ցանկությունների նկատմամբ։
Անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե ինչու էին Քրիստոսի իշխանությունը փորձում մարդկային իշխանության սահմաններում հասկանալ և վերահսկել։
Վերջում մեզ համար հնչեց ամենակարևոր հարցը.
Ո՞վ ունի իշխանություն իմ կյանքի վրա՝ իմ վա՞խը, մարդկանց կարծի՞քը, թե՞ Քրիստոսը։
Թող այս հարցը շարունակվի մեր մեջ նաև Սուրբ Պատարագից հետո և օգնի մեզ մեր կյանքի կենտրոնում դնել Քրիստոսին և Նրա իշխանությունը։
Սուրբ Պատարագին ներկա էր 198 անձ, որոնցից 77-ը՝ երիտասարդական միության անդամներ, այդ թվում՝ 42 տղա և 35 աղջիկ։
Արդյունավետ հանդիպումներ
Սուրբ Պատարագից հետո օրը շարունակվեց արդյունավետ՝ տարբեր կարևոր հանդիպումներով և գործունեություններով, այդ թվում հանդիպում Տիկնանց Միության անդամներից մեկի հետ՝ նախատեսվող միջոցառումների քննարկման նպատակով։։
Հանդիպում երիտասարդների հետ՝ «Խաչքար Ստուդիո» հիմնադրամի զարգացման ծրագրի քննարկման նպատակով։
Մասնակցություն Օստենդ քաղաքում նոր ձևավորվող երգչախմբի փորձին։
Հանդիպում Օստենդ քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի մի քանի անդամների հետ։