Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունն է, որի ընթացքում մենք միասին փառաբանում ենք Աստծուն, վերհիշում մեր դավանանքը, ընդունում Հիսուս Քրիստոսին մեր կյանքից ներս և հաղորդակից դառնում Նրա Սուրբ Մարմնին ու Արյանը։
Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է։ 327 թվականին Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, մեկնում է Երուսաղեմ՝ Տիրոջ խաչը գտնելու նպատակով։ Հուդա անունով մի հրեա օգնում է նրան գտնել Գողգոթան, որտեղ հայտնաբերվում են Հիսուսի եւ երկու ավազակների խաչերը։ Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են երեք խաչերի վրա։ Երբ պատանին հարություն է առնում դրանցից մեկի վրա, ճանաչում են Քրիստոսի խաչը։
Այս հրաշքից հետո Հուդան ընդունում է քրիստոնեությունը եւ դառնում Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը։ Խաչափայտը գտնելուց հետո Հեղինեն բարեկարգում է Երուսաղեմի սրբավայրերը եւ Գողգոթայում կառուցում Սուրբ Հարության եկեղեցին, որտեղ հետագայում պահվում է Տիրոջ խաչափայտը։

